Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գերշահույթը պայմանավորված է դրամի արհեստածին արժևորմամբ

Գերշահույթը պայմանավորված է դրամի արհեստածին արժևորմամբ
06.03.2009 | 00:00

ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում հանրապետությունում ստեղծված իրավիճակը զարգանում է հակասական միտումներով: Մի կողմից` ճիգեր են գործադրվում նվազագույնի հասցնելու հնարավոր բացասական ազդեցությունները և դիմակայելու օբյեկտիվ մարտահրավերներին, մյուս կողմից` կան գործոններ, որոնք, եթե անգամ արհեստական և սուբյեկտիվ չանվանենք, հեռու են իրականությունն արտացոլելու կարողությունից: Դրանցից մեկը ազգային արժույթի ներկա վիճակն է, իսկ ավելի ճիշտ` դրա գերարժևորված կարգավիճակը: Մեր գնահատմամբ, որը բխում է տարբեր մեթոդաբանությամբ կատարված հաշվարկներից, հայկական դրամը 2009 թ. փետրվարի սկզբի դրությամբ գերարժևորված է առնվազն 27-29 տոկոսով: Սա տեղի է ունենում համաշխարհային առանցքային արժույթների` եվրոյի, դոլարի, ֆունտ ստեռլինգի և այլ փոխարկելի, նույնիսկ քաղաքական և առևտրատնտեսական առումներով ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ ռուբլու արժեզրկման ֆոնի վրա, ինչը, մեր համոզմամբ, ընդունելի չի կարող լինել:
Ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու և ներկայիս արժութային քաղաքականությունը ճիշտ վերլուծելու համար կարևոր է պարզել.
l արդյո՞ք ազգային դրամի փոխարժեքին առնչվող գործընթացները բնորոշ են միայն Հայաստանին,
l համաշխարհային տնտեսության զարգացման ի՞նչ գործընթացներ են հանգեցնում այս վիճակին,
l ինչպե՞ս է ազդում այս ամենը տնտեսության վրա,
l այլ երկրներ ինչպե՞ս են հաղթահարել նման հիմնախնդիրները:
Պարզվում է՝ Եվրամիությանն անդամակցած տասը նոր երկրներից յուրաքանչյուրը յուրովի է փորձել լուծել «արժույթի պարտադրված արժևորման» խնդիրը, թեև բոլորն էլ գրեթե նույն վիճակում են հայտնվել, և հատկապես Արևելյան Եվրոպայի երկրների համար արժութային ինտեգրացիան տնտեսական ինտեգրացիայի գագաթնակետն է համարվում:
Նախ, անհրաժեշտ է տեղի ունեցածը կապել կենտրոնական բանկի նպատակադրած կարևորագույն հարցին` գնաճին: Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ընդունելի մեթոդաբանությանը, գնաճի հաշվարկը մեզ համար խիստ վիճելի է առնվազն երկու առումներով: Նախ, ընդունված 400-ից ավելի ապրանքների գների շարժը ներկայացվում է տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա գների մակարդակը հարաբերելով նախորդ տարվա հետ: Այսպիսով հաշվարկներից դուրս են մնում իրական գործարար աշխուժության ամիսներին (մայիս-նոյեմբեր) տեղ գտած գների տատանումները, որոնք, ի վերջո, վերադառնում են ինչ-որ ստատիկ մակարդակի, որն էլ իր հերթին քիչ է տարբերվում նախորդ տարվա մակարդակից: Ավելին, դեկտեմբերին սպառվող ապրանքների տեսականին սեզոնային և այլ արտադրության ու շինարարության (ամենաարագ աճող ճյուղի) համար անհրաժեշտ ապրանքների, հումքի տեսականուց կտրուկ փոխվում է սննդամթերքի, լայն սպառման ապրանքների, տարեմուտին բնորոշ ապրանքատեսականու: Երկրորդ, միտումնավոր գործածվող «համահարթեցման» մեթոդով հաշվարկը արհեստականորեն միջինացնում է երկրի բնակչության կեսից ավելին կազմող երևանցիների և տասը մարզերի գյուղական բնակավայրերում ապրողների սպառումը ներկայացնող ապրանքները. բոլորին քաջ հայտնի է, որ, օրինակ, ձմռանը Երևանում ջեռուցումը կազմակերպվում է գազի սպառման հաշվին, մինչդեռ մարզերում գերակշռում են փայտը, ածուխը, անգամ նավթը: Այս ամենը, թերևս, բավարար է պատկերացում կազմելու գնաճի հաշվարկի մեթոդաբանության մասին, և եթե անգամ հիշյալ վիճակագրական հաշվարկը միջազգային կազմակերպությունների պարտադրանքը լինի, այնուամենայնիվ, հայրենի վիճակագիրներին և տնտեսագետներին հայտնի են առավել ամբողջական պատկերը ստանալու և իրական գնաճը հաշվարկելու դասական և այլընտրանքային մեթոդներ: Իրական գնաճի հաշվարկներն այս պարագայում չեն հարուցի տարիմաստություններ առ այն, թե ինչպես, օրինակ, մի քանի տարի առաջ` 2005 թ., Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հաշվարկների համաձայն, Հայաստանում գրանցվել է ոչ թե գնաճ, այլ… գնանկում:
Այսպիսով, կասկածից վեր է, որ Հայաստանի համար մեզ անհրաժեշտ է ունենալ գնաճի իրական հաշվարկ գոնե ներքին շրջանառության համար: Տիրապետելով նման տվյալներին՝ հնարավոր կլինի ճիշտ վերլուծություն կատարել և մշակել իրավիճակի բարելավման ադեկվատ առաջարկներ:
Կա՞ արդյոք այլընտրանք։
Աշխարհի տարբեր երկրներում այսօր ձևավորվում են հենց արժութային քաղաքականության մոդելներ, բացի ֆիքսված և լողացող փոխարժեքներից: Կա չորս տարբերակված մոտեցում, ինչն առանձին քննարկման թեմա է:
Կարևոր է անդրադառնալ նաև ազգային արժույթի արժևորման այն գործոններին, որոնցով երբեմն փորձում են արդարացնել դրամի «թռիչքը».
l տնտեսական աճի շնորհիվ արժևորում,
l տրանսֆերտներ,
l դոլար-եվրո փոխհարաբերության փոփոխություններ, այսինքն՝ փոխարժեքի տատանումներ,
l վճարային և առևտրային հաշվեկշռի մնացորդ:
Ընդսմին չի կարելի բացառել նաև արժութային ինտերվենցիաները, ինչպես նաև ստվերային փողերի մեծ զանգվածների շրջապտույտները: Եթե տնտեսական աճը հիմնական գործոն է համարվում, ապա մենք տարվա վերջին պետք է ակնկալենք 28-29 % տնտեսական աճ, որովհետև անցած տարվա համեմատ հենց այդքան է կազմում հայկական դրամի տատանումը, արժևորումը:
Տրանսֆերտներ. եթե մենք հաշվի ենք առնում մոտ մեկ մլրդ դոլարի համարժեք դրամի տրանսֆերտները (որոնք, ի դեպ, զգալի անկում են ապրել 2008 թ. ընթացքում` արտագնա աշխատանքի մեկնածների զանգվածային վերադարձի և այլ պատճառներով), ապա ներհոսքի հետ միասին պետք է հաշվի առնել Հայաստանից կապիտալների արտահոսքը: Դրանք տարբեր ներդրումներն են արտերկրում: Իհարկե, ոսկերչական ճշգրտությամբ չի կարելի խոսել նման թվերի մասին, սակայն փոքր, տեսանելի և կոմպակտ տնտեսության պայմաններում կարելի է արձանագրել, որ այս տարվա ընթացքում դրանք 1-1,5 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի են:
l անշարժ գույքի ձեռքբերում,
l ներդրումներ մերձավոր և հեռավոր արտերկրի տնտեսություններում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Վրաստանի և Ռուսաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում, զբոսաշրջության և այլ ինդուստրիաներում առանձնատներ, գործարաններ, այլ անշարժ գույք, հանգստյան տներ են ձեռք բերվում կամ կառուցվում, ինչն ավելի շահութաբեր է: Մինչդեռ ներդրումների խիստ պահանջ կա նաև մեր երկրում, և դրանք խիստ սահմանափակ են: Անցյալ տարի հպարտությամբ արձանագրվեց, որ 500 մլն ԱՄՆ դոլարի արտասահմանյան ներդրումներ են եղել Հայաստանում, բայց դրանց եռապատիկն էլ դուրս է եկել:
l Վճարային հաշվեկշիռը վերջին տարիներին բացասական մնացորդով է փակվում, ընդ որում, պակասորդը գնալով աճում է: Նույնը՝ առևտրային հաշվեկշռում. այս տարի արտահանման աճի տեմպերն ավելի քան երեք անգամ զիջում են ներմուծման աճի տեմպերին, ինչը, իհարկե, արժութային և տնտեսական անհեռատես քաղաքականության արդյունք է:
l Անձնական տրանսֆերտներ. երբ փորձում ենք դրանք համեմատել երկրից արտահոսող այն գումարների մեծության հետ, որ մեծ ուշադրություն է դարձվում դրամի արժևորման իմաստով, ապա ստացվում է հետևյալ պատկերը. տարեվերջին 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կարող են հասնել ներմուծման համար վճարումները, եթե դրան ավելացնենք նաև մաքսանենգ ճանապարհով (որոշ անկախ փորձագետների գնահատմամբ` ներմուծումների մոտ կեսը և ավելին) ներմուծված ապրանքների համար կատարված վճարումների տեսքով արտահոսած արժույթի քանակը, որ ընդունում են նաև իշխանությունները, ապա ավելի քան 2,5 մլրդ ԱՄՆ դոլար փաստացի դուրս է գալիս հանրապետությունից:
Այս ամենով հանդերձ, պատկերը հետևյալն է. հաշվեկշիռը ստացվում է հօգուտ արտահոսքի, այսինքն` ավելի շատ արտահոսում են Հայաստանից գումարներ, այլ խոսքով ասած՝ տեղի է ունենում կապիտալի փախուստ հանրապետությունից, քանի որ թե՛ մրցակցային դաշտն է թերի, անառողջ, անարդար, թե՛ մենաշնորհների գոյությունն է խոչընդոտում զարգացումը, իսկ ստվերային տնտեսությունն աճում է ավելի արագ տեմպերով, քան հարկվող տնտեսությունը: Ահա և այն գործոնների ոչ լրիվ թվարկումը, որը տրամաբանորեն պետք է հանգեցներ ոչ թե դրամի արժևորման, այլ ճիշտ հակառակ գործընթացին` դրամի արժեզրկմանը:
Այն ճյուղերը, որ կառավարության ներկայացմամբ հանքարդյունաբերության, մեքենաշինության, սարքաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի, թեթև արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, քիմիայի և ոսկերչության հաշվին կոչված են ապահովելու տնտեսական աճ, իրենց գերակշիռ մեծամասնությամբ մրցունակության լուրջ անկում են արձանագրում:
Ո՞րն է ելքը: Մեր երկիրը պետք է հստակեցնի տնտեսության զարգացման կողմնորոշիչները, որոնք առայժմ այնքան էլ հստակ չեն: Ի վերջո, ինքնանպատակ չի կարող լինել արժութային քաղաքականությունը, չի կարելի անընդհատ ֆիքսել, թե կենտրոնական բանկը ճիշտ արեց, թե սխալ: Մեզ պետք է ավելի շատ մտահոգի, թե ո՞ւր է գնում երկիրը, դրա՞ն են արդյոք ծառայում արժութային, դրամավարկային, հարկային, մաքսային քաղաքականությունները:
Ի՞նչ պետք է ակնկալել պետությունից, կառավարությունից, երբ ասում ենք, որ միայն կենտրոնական բանկը չէ, ապա ո՞վ և ի՞նչ պետք է անի: Այսօր ներմուծողներից շատերը ստանում են ոչ միայն շահույթ, ստվերային շահույթ կամ մաքսանենգ ստվերային շահույթ, այլև դրան հավելած զգալի գերշահույթ, որը պայմանավորված է դրամի արհեստածին արժևորմամբ: Հենց կառավարությունը` ի դեմս ֆինանսների նախարարության և հարկային մարմինների, պետք է հարկի գերշահույթը: Եվ քանի որ ներմուծողներն այդքան բարեխիղճ չեն, որ կամավոր իջեցնեն գները, ինչն ինքնաբերաբար պետք է տեղի ունենար (որովհետև երբ արժևորվում է դրամը, գներն անպայման պետք է իջնեն), որպեսզի ազգային արժույթի գնողունակությունը պահպանվի: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն պետք է գործածել տնտեսական հարկադրանքի լծակները և հարկել ներմուծումից ստացված գերշահույթը: Ի վերջո, սա է ելքը` չկործանելու տեղական արտադրությունը: Այն արտադրությունը, որը կոչված է որոշ չափով փոխարինելու ներմուծումը և կրճատելու առևտրային հաշվեկշռի հինգ անգամ գերակշռող բացասական մնացորդը` ի վնաս արտահանման: Հիշեցնենք, որ 2008 թ. ընթացքում արտահանման աճի տեմպեր ընդհանրապես չեն գրանցվել: Ավելին, դրանք բացասական են, իսկ ներմուծման տեմպերն արձանագրել են արագանցիկ աճ: Այս առումով խիստ դրվատելի է կառավարության 2009 թ. փետրվարին ընդունած որոշումը, որով ներմուծման 15 տոկոս լրացուցիչ հարկ է գանձվելու այն ապրանքներից, որոնց տեղական արտադրության զարգացման հնարավորություններն առկա են մեր հանրապետությունում: Պակաս կարևոր չէ նաև նոր տեխնիկա, սարքավորումներ ներմուծելու դեպքում 300 մլն դրամ և ավելի ներդրումների համար կիրառել արտոնություններ` այդ ընկերությունների գործունեությունը մինչև երեք տարի ժամկետով ազատելու ԱԱՀ-ից: Այս որոշման միակ խոցելի կողմը, թերևս, այն է, որ արտոնությունների շեմը կարելի էր ավելի մատչելի դարձնել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար: Այլապես այս որոշումից կարող են օգտվել առավելապես նման և ավելի գումարներ ունեցող խոշոր բիզնեսի ներկայացուցիչները:
Պետք է, ի վերջո, նաև կառավարությունը մտածի մարդկանց, գործարարների բանիմացությունը որոշ չափով մեծացնելու մասին: Կարևոր է գործարարներին (և ոչ թե միայն բանկերին) իրազեկել «Բազել 2»-ի պահանջներին, ինչպես նաև ռիսկերի կառավարման ժամանակակից մեթոդներին: Երբ այդպիսի ռիսկեր կան և դրանք շարունակվելու են, գործարարներին պետք է բացատրել ինչպես պաշտպանել իրենց պայմանագրերը` հեդջավորման և այլ միջոցներով ու մեխանիզմներով: Սրանք շատ կարևոր են:
Ի վերջո, ի՞նչ գործոն կարող է նաև ազդել դրամի արժևորման վրա, եթե այն բոլոր գործոնները, որոնք վերը հիշատակվեցին, բերեն միայն դրամի արժեզրկման: Այս տարիմաստության միակ պատասխանը «ստվերային փողերի լվացման» հավանականությունն է: Միայն այս դեպքում կարող է արտարժույթի մեծածավալ առաջարկը գերազանցել դրա նկատմամբ եղած բնական պահանջարկը և ստեղծել արտարժույթի արհեստական արժեզրկում, հետևաբար նաև ազգային արժույթի՝ հայկական դրամի արհեստական արժևորում:
Կարծում ենք` դրամի արժեզրկման գործընթացն այլընտրանք չի թողնում հանրապետության ֆինանսական ոլորտին: (Նյութը խմբագրությանն է տրամադրվել դրամի արժեզրկման գործընթացից առաջ- խմբ.): Այն պետք է նաև իր որոշակի դերը խաղա ազգային մրցակցային առավելությունների բացահայտման և իրացման գործում: Որպես հետևանք, կարելի է ակնկալել երկրի վճարային և առևտրային հաշվեկշիռների բարելավման գործընթացը ևս` տնտեսության ու դրա առանձին ճյուղերի մրցունակության բավարար մակարդակի ձեռքբերման պայմաններում:
Այսպիսով, ակնհայտ է, որ պետք է ակնկալել առնվազն երկու իրար հետ համաձայնեցված գործընթաց: Առաջին հերթին անհրաժեշտություն կա «բաց թողնել» հայկական դրամը` իրական լողացող, բայց կառավարվող փոխարժեքի քաղաքականությամբ հնարավորություն ընձեռելու համապատասխանություն մտցնել տնտեսական իրավիճակի և այն սպասարկող ազգային արժույթի միջև: Երկրորդ, փոխարժեքի անկումը պետք է լինի կառավարելի և աստիճանական: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի հեռու մնալ նման իրավիճակների համար դժվար կանխելի խուճապից, ինչպես նաև ֆինանսական ու տնտեսական ցնցումներից:
Նշված քայլերը հնարավորություն կտան ոչ միայն կայունություն հաղորդել ազգային տնտեսությանը` դրա հետագա հնարավոր աշխուժացման միտումներ ձևավորելու համար, այլև առաջին լուրջ քայլերը կարվեն համաշխարհային տնտեսությանը երբևէ ինտեգրացվելու առումով և ներդաշնակություն կստեղծեն աստիճանաբար իրական արժեքին մոտեցող ազգային դրամի և վաղուց արժեզրկվող համաշխարհային փոխարկելի արժույթների միջև:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 5120

Մեկնաբանություններ